«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին տրվել է սոցիալական ծրագրի մեկնարկը: Մայրաքաղաքի 2797 ընտանիքի Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր հատկացվելու է էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, պլանշետներ, թեյնիկներ և այլն: Ծրագիրը ներառում է մայրաքաղաքի բնակչության սոցիալական բոլոր շերտերը՝ Հայրենական պատերազմի վետերաններ, արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015 թթ. զոհված զինծառայողների ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, սիրիահայեր և այլն:
Թեև քաղաքապետարանը բարեգործական ֆոնդ չէ, բայց մեր քաղաքը բարի է ու ջերմ:
Ի հեճուկս բոլոր դժգոհողների, Երևանի տոնի մեկնարկը տրված է: Տոնակատարության գումարները սահմանամերձ շրջաններին ուղղելու համար անցկացվող ստորագրահավաքը շարունակվում է: Ծայր են առել նաև վեճ-քննարկումներ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Մեկն իր հոնորարն է պատրաստ զոհելու, մյուսն իր որդուն ու ինքն իրեն: Շատերն էլ պատրաստ են անվճար երգելու սահմանամերձ շրջաններում բնակվողների համար: Անգամ հարց ծագեց՝ ի՞նչ են զոհում նրանք, ովքեր առաջարկում են չնշել, ավելի ճիշտ համեստորեն նշել քաղաքի օրը, և ինչու հենց այս տարի որոշեցին չեղարկել տոնական «շքերթը»:
Պատասխանը պարզ է. այս տարի են ավելի ինտեսիվ կրակոցները, հակառակորդը սկսել է ավելի հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, զոհեր ունենք անգամ խաղաղ բնակիչների շրջանում, սահմանագծից հեռու զորամասերում: Եվ այո, սահմանամերձ շրջանների ապահովության մասին պետք է վաղուց հոգ տարվեր: Այս տարաձայնությունները չէին լինի, եթե պետական մոտեցում լիներ խնդրին: Ինչ-ինչ ծրագրեր, քայլեր, իհարկե, արվում են: Բայց դրանք ինչ-ինչ ծրագրեր են: Եվ առայժմ, լուռ, պարտադիր, անառարկելի աջակցության փոխարեն մայրաքաղաքից սահմանապահ շրջաններ է հասնում անհասկանալի, ոչինչ չտվող աղմուկ-աղաղակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ